Առողջապահության նախարարության առաջարկով, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով, մարտի 17-ից կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում (Արգիշտի 1) գործող «Մեկ պատուհան» գրասենյակը։

Քաղաքացիների դիմումների ընդունումը կկազմակերպվի Երևանի քաղաքապետարանի Բյուզանդի 1/3 հասցեում գործող մասնաշենքում։

Ըստ քաղաքապետարանի հայտարարության՝ ստորաբաժանման ղեկավարների և վարչական շրջանների աշխատակիցները կդադարեցնեն քաղաքացիների ընդունելությունները։

Կչեղարկվի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների մասնակցությունը ցանկացած բնույթի հավաքներին, նիստերին, միջոցառումներին՝ բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք անցկացվում են հեռակա կարգով։

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով հարուցված վարչական վարույթի լսումները հետաձգվում են։

Քաղաքապետարանը քաղաքացիներին կոչ է անում օգտվել պաշտոնական կայքում հասանելի առցանց գործիքներից՝ վճարումներ կատարելու և դիմումներ մուտք անելու համար։

Դիմումների համար կարելի է այցելել քաղաքապետարանի կայքէջ։

Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև բոլոր վարչական շրջաններում գործում են թեժ գծեր: