Իսպանիայում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված Բարսելոնայի տաքսիների հայազգի վարորդներն առաջարկում են անվճար տեղափոխել բուժանձնակազմին։

Մոտ մեկ տասնյակ հայ վարորդներ իրենց հեռախոսահամարներն են տեղադրել համացանցում՝ առաջարկելով իրենց ծառայությունները։

«Այս դժվարին ժամանակներում Բարսելոնայի հայ համայնքի տաքսիներն անվճար փոխադրումներ են առաջարկում բժշկական անձնակազմի համար»,- ասվում է գրառման մեջ։

Իսպանիան երկրորդ երկիրն է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման առումով։ Այդ երկրում մարտի 15-ի տվյալներով մեկ օրում ևս 96 մարդ է մահացել, զոհերի ընդհանուր թիվը հասել է 262-ի։ Վարակվածների ընդհանուր թիվը 7798 է։