Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ մարտի 17-ից դադարեցնում է նախընտրական քարոզարշավի հանդիպումները փակ շինություններում:

Ստորև ներկայացնում ենք Հարությունյանի հայտարարությունը.

«Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի ներթափանցման ու տարածման ռիսկերը մեր հանրապետությունում և հետևելով փակ տարածքներում մարդաշատ հավաքներից խուսափելու վերաբերյալ մասնագետների խորհուրդներին՝ մեր քաղաքական թիմը որոշում է կայացրել վաղվանից դադարեցնել նախընտրական քարոզարշավի հանդիպումները փակ շինություններում: Մարդու կյանքը մեզ համար բացարձակ արժեք է, և, քաղաքական որևէ շահախնդրությունից ելնելով, չենք կարող վտանգի ենթարկել մեր քաղաքացիների առողջությունը: Տեղեկացնեմ նաև, որ նախընտրական քարոզչությունն արդյունավետ շարունակելու նպատակով մենք հիմնականում կօգտագործենք հանրային և մասնավոր հեռուստաընկերությունների տրամադրած եթերաժամանակները, ֆեյսբուքյան ուղիղ եթերները և բաց երկնքի տակ մարդկանց փոքրաթիվ խմբերի հետ հանդիպումները, որոնց ժամանակ էլ նախատեսում ենք տարբեր կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել:

Միևնույն ժամանակ ընդգծում ենք հետևյալ կետերը՝

1. Արցախի Հանրապետության իշխանություններին հորդորում ենք չհապաղել վիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելող աշխատանքների կազմակերպման հարցում՝ կիրառելով պետական համապատասխան մեխանիզմները և հետևելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներին:

2. Պետական իշխանությունները պետք է պլանավորեն բոլոր հնարավոր սցենարները՝ պատրաստ լինելով ոչ միայն առողջապահական առումով, այլ նաև վերացնել կամ գոնե մեղմացնել այս իրավիճակով պայմանավորված սոցիալ-տնտեսական բացասական հետևանքները քաղաքացիների ու տնտեսվարող սուբյեկտների համար:

3. Այս իրավիճակում պետական պատկան մարմինները պետք է համապատասխան միջոցներ ձեռք առնեն նաև ընտրությունների օրը քաղաքացիների պատշաճ անվտանգությունը երաշխավորելու և ռիսկերն առավելագույնս նվազեցնելու ուղղությամբ:

4. «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն իր պատրաստակամությունն է հայտնում հնարավորինս աջակցել պետական մարմիններին ու հանրությանը արդյունավետ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու և պատշաճ քաղաքականություն մշակելու ու իրականացնելու գործում:

5. Ներողություն ենք խնդրում մեր բոլոր այն հայրենակիցներից, ում հետ պլանավորված հանդիպումները ստիպված ենք չեղարկել կամ փոխել ձևաչափը: Հանուն մարդկային կյանքի ու առողջության մենք պարտավոր ենք նեղություն տալ ինքներս մեզ:

Ի դեպ, իրավիճակով պայմանավորված՝ սահմանների փակման և դրա հնարավոր երկարաձգման դեպքում, ապահովված ենք էներգետիկ և պարենային բավարար ռեսուրսներով, ինչը իմ՝ գործադիր իշխանության ղեկավարման տարիների կարևորագույն ձեռքբերումն եմ համարում: Հավաստիացնում եմ, որ նմանատիպ գրեթե ֆորսմաժորային իրավիճակներում անգամ Արցախի զարգացման մեր ներկայացրած հավակնոտ ծրագիրը ձախողման վտանգ չի պարունակում, և մեր հայրենիքի բարեկեցիկ ապագան կերտելու համար ունենք բոլոր հաշվարկված քայլերի սցենարները:

Առողջություն, ողջախոհություն և անխուճապ տրամադրություն բոլորին»: