Պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել է․

«Արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման՝ հավաքների և հանրային միջոցառումների անցկացման սահմանափակումները և արգելքները մարտի 17-ի ժամը 12։00-ից կտարածվեն ՀՀ ամբողջ տարածքի վրա։

Սա վերաբերում է հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցության արգելքին։

Այս որոշման իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները, ժամանցային միջոցառումները, տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), հոգեհանգստի և թաղման միջոցառումները։

Հոգեհանգստի և թաղման միջոցառումների դեպքում կփորձենք մասնակցության փոքր-ինչ ավելի լայն հնարավորություններ տալ՝ միաժամանակ հետևելով որպեսզի մարդկանց կուտակումներ արարողության ժամանակ չլինեն», - ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման նպատակով արտակարգ դրություն է սահմանվել։