Մարտի 18-ին` 20:00-ից, Էջմիածին քաղաքից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարի վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը դադարեցվելու է։ Այս մասին հայտնել է ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նա նշել է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսի դեպքերը մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված պացիենտի շփման շրջանակից դուրս չեն եկել:

«Միաժամանակ, Էջմիածնի բնակիչներին, ինչպես նաև մեր ամբողջ ազգաբնակչությանը, կրկին հորդորում եմ խստագույնս պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները և ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն ու գիտակցություն՝ չմասնակցել ու չկազմակերպել բազմամարդ միջոցառումներ ու հավաքներ, գրիպանման ախտանշանների դեպքում ինքնամեկուսանալ, իսկ անհրաժեշտության դեպքում անմիջապես դիմել բժշկի կամ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով»,- գրել է Ավինյանը։