ԲԿՀ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ այսօրվա նիստում հայտարարել է․

«Ֆինանսական հաշտարարի գրասենյակն ամեն տարի 64 մլն դրամ վճարում է միայն վարձակալության համար: 10 տարում գրասենյակը 640 մլն դրամ վարձակալության վճար է մուծել: Միայն գործուղումների համար 10 տարում մոտ 400 մլն գումար է դուրս գրվել: Այսինքն՝ հանրագումարով 1 միլիարդ դրամ անարդյունավետ ծախս է կատարել այս գրասենյակը: Երբ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի համար ընդամենը 500 մլն դրամ է հավաքվել, մենք 1 միլիարդ աննպատակ ծախս ենք կատարել»։

Բագրատյանն այդ հայտարարությունն արել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու հարցի քննարկման ժամանակ:

Օրինագծով առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքում և այդ գրասենյակին դիմելու իրավունք տալ նաև միկրոբիզնեսով զբաղվող կազմակերպություններին: Ս. Բագրատյանն էլ իր կասկածը հայտնեց առ այն, որ եթե գրասենյակը նման անարդյունավետ ծախսեր է կատարել, արդյոք արդյունավետ կիրականացնի՞ ֆիզիկական ու իրավաբանական անձանց շահերի պաշտպանությունը:

Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը հակադարձեց հնչած գնահատականին: Նա ասաց, որ ֆինանսական հաշտարարի գրասենյակն իր արդյունավետությունն ապացուցել է, այդ մասին նշել են նաև միջազգային կազմակերպությունները: