Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ SkayUp ուկրաինական ընկերության չարթերային չվերթով Ուկրաինայից Հայաստան կժամանի 62 քաղաքացի (թվերը նախնական են)՝ հավելելով, որ նրանց ճնշող մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են։

«Ուկրաինայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը մեկնել էր Բորիսպոլի օդանավակայան՝ հնարավոր խնդիրները տեղում կարգավորելու նպատակով։ Նախատեսվում է, որ մոտ 95 հոգի Երևանից նույն օդանավով կմեկնի Կիև»,- ասվում է գրառման մեջ։

Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում բոլոր անձինք անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու է հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ։