Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ՀՀ պարետատան, ԱԳՆ-ի և Հնդկաստանում Հայաստանի դեսպանության համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ, որով Հայաստան վերադարձան Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաներ և նրանց ուսուցիչները: Թռիչքն իրականացրեց հայկական «Atlantis European Airways» ավիաընկերությունը:

«Atlantis European Airways» ավիաընկերության տնօրեն Կարեն Բդոյանը նշել է, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դիմել էր ավիաընկերությանը՝ մեր հայրենակիցների վերադարձը կազմակերպելու համար:

«Բնականաբար, մենք անմիջապես հայտնեցինք մեր պատրաստակամությունը մեր հայրենակիցներին տեղափոխելու համար: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում թռիչքը իրականացնող անձնակազմին՝ դրսևորած պրոֆեսիոնալիզմի համար: Թռիչքի ընթացքում իրականացվել են առողջապահական անվտանգության բոլոր միջոցառումները», - ասել է Կարեն Բդոյանը: Այս մասին գրում է «Հետք»-ը։

«Atlantis European Airways» ավիաընկերությունը մարտի 15-ին իրականացրել էր նաև Հռոմից Երևան հատուկ չվերթը՝ տեղափոխելով Իտալիայի տարբեր շրջաններում գտնվող և հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին։