Երկրում պարետային ժամ հայտարարելու տրամաբանությունը ենթադրում է մարդկային կուտակումներ որոշ ժամերի տարբեր խանութներում և սուպերմարկետներում, այդ տարբերակով ՀՀ-ում վարակի տարածման ռիսկայնությունն ավելանում է, հայտարարել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:

«Մենք կարող ենք որոշ չափով փոփոխել մեխանիզմները, որոնցով անձինք իրավունք են ստանում տեղաշարժվելու ՀՀ տարածքով, մասնավորապես՝ աշխատանքի գնացող անձինք մոտ երկու օրից պետք է ունենան իրենց հետ փաստաթուղթ, որը վկայում է, որ պետք է գնան աշխատանքի»,- ասել է Ավինյանը:

Ըստ նրա՝ պարետային ժամի հարցը քննարկվել է, սակայն ոչ թե պարետային ժամի նոր ռեժիմ է սահմանվելու, այլ տեղաշարժի վերահսկողության նոր մեխանիզմներ:

Նա հայտնել է, որ ոստիկանության ուժերին այլ ուժեր ևս կմիանան, որոնք խստագույնս պետք է ապահովեն տեղաշարժի սահմանափակումները: