Օրեր առաջ «Հետքի» խմբագրություն է զանգահարել մի քաղաքացի և տեղեկացրել, որ supermarket.am կայքից գնումներ է կատարել, սակայն առաքումը կատարվել է թերի։ Դիմողը ասել է, որ ինքը միակը չէ, որ դժգոհ է սպասարկումից։ Նրա փոխանցմամբ՝ օնլայն սուպերմարկետի ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններում բազմաթիվ օգտատերեր բողոքում են: Գնորդները նշում են, որ չեն կարողանում կապ հաստատել սուպերմարկետի հետ, զանգերին ու հաղորդագրություններին աշխատակիցները չեն պատասխանում:

Ինչպես նշված է սուպերմարկետի կայքի «Մեր մասին» բաժնում, supermarket.am-ը օնլայն գնումների համակարգ է, որը հնարավորություն է տալիս առանց տանից դուրս գալու գնումներ կատարել:

Սուպերմարկետի ֆեյսբուքյան էջում թողած մեկնաբանություններում օգտատերերը դժգոհում են սուպերմարկետի սպասարկումից, մասնավորապես՝ որ օնլայն վճարումը կատարելիս քարտից գանձվում է պատվիրված ապրանքների գինը, իսկ առաքման պահին կտրոնի վրա նշված գումարի չափն ու պատվիրված ապրանքների քանակը պակաս է լինում։

Այսինքն՝ գնում կատարողները նշում են պատվիրվող ապրանքները, վճարում օնլայն, օրինակ՝ 28.000 դրամ, գումարը գանձվում է հաճախորդի հաշվից, սակայն առաքման պահին հաճախորդին տրվող կտրոնի վրա գումարի չափը լինում է 16.000, առաքվող ապրանքների քանակն էլ համապատասխանում է 16.000-ի: Հաճախորդներից մեկին, որը պատվերը գրանցել էր մարտի 21-ին, մինչ օրս չի առաքվել պատվիրված գնումը:

Արտերկրում ապրող քաղաքացին իր մոր ծնունդը շնորհավորելու համար Supermarket.am կայքով տորթ էր պատվիրել, որ առաքեն Երևան, պատվերը գրանցել է մարտի 21-ին, վճարել է օնլայն, սակայն տորթը մինչ օրս չի առաքվել։

Ասում է, որ շատ է զանգահարել ու գրել, բայց զանգերին օնլայն սուպերմարկետի աշխատակիցները չեն պատասխանել։

«Ես էլ չեմ էլ սպասում իմ պատվերին։ Ուղղակի Հայաստանում չեմ, որ այդ հարցով զբաղվեմ։ Արդեն 3 իմ պատվերի գնին մենակ զանգել եմ։ Բացարձակ խաբեություն էր։ ArmeniaTV-ի գովազդին հավատալով՝ մամայիս ծնունդի համար տորթ պատվիրեցի։ Առավոտյան պատվիրեցի։ Երեկոյան պետք է տանեին։ Մեր ծնունդը վերջացավ՝ այդ տորթին սպասելով։ Գրում եմ, կարդում չեն պատասխանում, ո'չ գումարն են վերադարձնում, ո'չ պատվերն են առաքում։ Իբր պիկ են։ Արդեն 9 օր անցել է։ Ամեն ինչ պարզ է։ Մարդկանց՝ տնից դուրս չգալու հանգամանքից օգտվելով՝ բացարձակ խաբեությամբ փող են աշխատում»,-ասում է նա, գրում է «Հետք»-ը։

Նա պատրաստվում էր տորթի առաքումից հետո ընտանիքի համար 100 եվրոյի սահմանում գնումներ կատարել, որ առաքեն տուն։

«Լավ է վնասս այսքանով սահմանափակվեց»,- պատմում է նա։

Քաղաքացին նշում է նաև, որ բազմաթիվ բացասական մեկնաբանություններ ջնջել են աշխատակիցները:

«Շատ զբաղված են, քոմենթները հասցնում են ջնջել, բայց մեր հաղորդագրություններին ու զանգերին չեն կարողանում պատասխանել, մի քանի անգամ գրելուց հետո պատասխանել են, որ գերծանրաբեռնված են աշխատում, ու որ խնդրի մասին տեղեկացրել են համապատասխան բաժին, բայց մինչև հիմա համապատասխան բաժնից էլ չեն արձագանքել»,- ասում է նա:

Ս. Մ.-ն պատմում է, որ առաջին անգամ է օգտվել supermarket.am կայքի ծառայություններից և դժգոհ է, պատվերն առաքվել է թերի։ Թեև իր կորցրած գումարը մեծ չէր, բայց տեսնելով մյուսների մեկնաբանությունները՝ հասկացել է, որ միակը չէ, որի առաքումը թերի է կատարված։ Որոշել է բարձրաձայնել, քանի որ ո'չ զանգերին են պատասխանել, ոչ' էլ հաղորդագրություններին:

Տ․ Ս․-ն արդեն մի քանի անգամ օգտվել է supermarket.am-ի ծառայություններից, այս անգամ 52.000 դրամի պատվեր է գրանցել, վճարել է օնլայն՝ քարտով, առաքիչը բերել է 38.000 դրամի պատվեր, այդ գումարն է արձանագրված եղել նաև առաքիչի բերած կտրոնի վրա։

Ասում է՝ պատվերն ուշացրել են, բերել են հաջորդ օրը, տանը եղել է Տաթևի տատիկը, չի ստուգել, որ գնումները թերի են առաքված։

«Եթե միայն ինձ հետ նման բան պատահեր, կմտածեի, որ թյուրիմացություն է կամ շփոթվել են, բայց մտա իրենց ֆեյսբուքյան էջ ու նկարների մեկնաբանություններում շատ մարդիկ էին գրել, որ իրենց պատվերն էլ են կիսատ հասցրել տեղ, եթե շփոթմունք է, թող մեկին էլ ավել ուղարկեն»,- պատմում է Տաթևը։

Պարզաբանում է supermarket.am-ի տնօրենը․

Supermarket.am ընկերության տնօրեն Նարեկ Պողոսյանն ասում է, որ նման բան չի կարող լինել ու ամեն ինչ արվում է օրենքի սահմանում, հաճախորդների կատարած գնումները պատշաճ կերպով առաքվում են։

«Բացառվում է, որ հաշվից ավել գումար գանձվի, կամ էլ ապրանքը կիսատ առաքվի, նման դեպքեր մենք չունենք, չենք ունեցել ու չեմ կարող ասել, թե ինչ մեկնաբանություններ են ֆեյսբուքում, մենք երբևէ նման խնդրի առաջ չենք կանգնել, չգիտեմ՝ հիմա ինչի մասին եք խոսում»,-ասում է տնօրենը։

Այն հարցին, թե արդյո՞ք չեն ստացել հաճախորդներից հաղորդագրություններ թերի առաքումների վերաբերյալ, տնօրենը պատասխանել է.

«Նույնիսկ եթե եղել են, հաճախորդի հետ պարզաբանվել է, հաճախորդն ասել է, որ թյուրիմացություն է», - գրում է «Հետք»-ը:

Տնօրենի հետ հեռախոսազրույցից հետո հայտնի է դարձել, որ գնորդներից մեկի՝ Ս. Մ.-ի հետ կապ են հաստատել, ներողություն խնդրել պատճառած անհարմարության համար ու խոստացել շտկել խնդիրը: