Այսօր ապրիլի 5-ին Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փոուլի թեկնածու Մասիս Մայիլյանն իր ֆեյսբուքյան էջում քաղաքացիներին կոչ է արել կորոնավիրուսի համավարակի ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը:

«Սա հապճեպ քաղաքական որոշում չէ, այլ բխում է մինչ այդ հստակեցված իմ դիրքորոշումից և կատարված քայլերից, որոնք միտված էին մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների կանխմանը»,- գրել է Մասին Մայիլյանը։

Հիշեցնենք՝ ընտրությունների հաջորդ օրը Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրել է մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց՝ թեկնածուներից և ոչ մեկը չի ստացել ընտրողների 50 %-ից ավելի ձայներ:

Ապրիլի 14-ին կայանալիք Արցախի նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը պետք է մասնակցեին նախագահական ընտրությունների երկրորդ փուլին:

Ըստ Արցախի Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ կետի՝ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում քվեաթերթիկում թեկնածուի ազգանվան տողի ներքևում նշվում են «կողմ եմ» և «դեմ եմ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունում:

Իսկ ըստ 93-րդ հոդվածի 2-րդ կետի՝ Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին: