Վերջին օրերին համաշխարհային մամուլը գրում է, որ տարբեր երկրներ, «ծովահենության» ժամանակակից դրսևորումների միջոցով, յուրացնում են այս կամ այն երկրի համար նախատեսված պաշտպանիչ միջոցները, որոնք անհրաժեշտ են COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Երկրների մի մասն արգելում են արտահանումն այլ երկրների համար, մյուսներն ուղղակի յուրացնում հարևան պետություններին ուղղված հումանիտար օգնությունը, գրում է «Հետք»-ը։

Չեխիան յուրացրել է Իտալիայի համար նախատեսված հումանիտար օգնությունը

Դեռ մարտի 21-ին պարզ է դարձել, որ Չեխիան բռնագրավել է շուրջ 680 000 հազար մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակների և մի քանի հազար ռեսպիրատորների հումանիտար խմբաքանակը, որը Չինաստանն ուղարկել էր Իտալիային։ Ըստ չեխ մաքսավորների՝ գործողությունն իրականացվել է մաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում։ Այդ մասին իր կայքում մարտի 21-ին գրել է իտալական «La Repubblica» պարբերականը՝ հղում կատարելով չեխ լրագրող Լև Չերվինկին։

Այս ամենն սկսվել է այն բանից հետո, երբ չեխական իշխանությունները հայտարարել են մաքսանենգության դեմ հաջող պայքարի հերթական օրինակի մասին։ Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում էր, որ բռնագրավվել է բժշկական դիմակների խոշոր խմբաքանակ, որոնք գողացվել էին չեխ արտադրողներից։ Սակայն այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել են բռնագրավված խմբաքանակի լուսանկարները, առաջացել են բազմաթիվ հարցեր։ Մասնավորապես, բռնագրավված տուփերի վրա եղել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Իտալիայի դրոշներով նշումներ, ինչպես նաև չինարեն և իտալերեն ողջույն խոսքեր։

Չեխական իշխանությունները շուրջ երեք օր լռել են, որից հետո խոստովանել, որ տեսանյութում ցուցադրված դիմակները եղել են հումանիտար օգնության խմբաքանակի մաս, որոնք Չինաստանն ուղղել էր Իտալիայի բժիշկներին։ Չեխական կառավարությունը հավելել էր, որ իտալական կողմը ոչինչ չի կորցնի։ Չեխիայում Իտալիայի դեսպանությունը պահանջել է բացատրություններ։ Հետաքրքրականն այն է, որ սկանդալի հասունացման շրջանում, չեխական իշխանությունները դիմակները բաժանել էին երկրի բժշկական հաստատությունների միջև։ Դա է պատճառը, որ ընկերությունը, որը կազմակերպել էր փոխադրումը, որոշել է դիմակները թողնել չեխերին, իսկ Իտալիա է ուղարկվել հումանիտար օգնության նոր խմբաքանակ։

Թուրքիան յուրացրել է Իսպանիայի համար նախատեսված բժշկական սարքավորումները

Պաշտոնական Մադրիդը մեղադրել է Թուրքիային թոքերի արհեստական օդափոխման սարքերի և սանիտարական պարագաների բռնագրավման համար, որոնք պետք է ուղարկվեին Իսպանիա։ Այդ մասին գրել է «Independent»-ը՝ հղում կատարելով իսպանական «El Mundo» պարբերականին։

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Արանչա Գոնսալես Լայան ուրբաթ երեկոյան տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Թուրքիան որոշել է բռնագրավել Իսպանիայի համար նախատեսված բժշկական սարքավորումները, սեփական հիվանդների բուժման համար, չնայած նրան, որ Իսպանիայի իշխանություններն արդեն վճարել էին մի քանի միլիոն եվրո՝ սարքերի ձեռքբերման համար»։

Ավելի ուշ, սակայն, Իսպանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան թույլատրել է խմբաքանակն ուղարկել Իսպանիա։ «Twitter»-ի իր միկրոբլոգում նա շնորհակալություն է հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուին։

Բեռլինը Միացյալ Նահանգներին մեղադրում է «ժամանակակից ծովահենության» մեջ

Բեռլինի իշխանությունները մեղադրել են Ամերիկայի Միացյալ Նահանգներին «ժամանակակից ծովահենության» մեջ այն բանից հետո, երբ շուրջ 200 000 բժշկական դիմակներ, որոնք նախատեսված են եղել Գերմանիայի համար, ուղարկվել են Ամերիկա։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Բեռլինի ներքին գործերի վարչության ղեկավար Անդրեաս Գիզելի խոսքերով՝ ամերիկյան արտադրության FFP2 դիմակների խմբաքանակը, որը նախատեսված է եղել Բեռլինի ոստիկանության համար, բռնագրավվել է Բանգկոկում և հետ ուղարկվել Միացյալ Նահանգներ։ Ամերիկյան «3M» կորպորացիային, որն արտադրում է դիմակները, համաձայն Կորեական պատերազմի տարիներին ընդունված օրենքի, արգելվել է օտար երկրներ արտահանել իր բժշկական արտադրանքները։ Վերջինս մի քանի օր առաջ վերակիրառվել էր Դոնալդ Թրամփի կողմից։

Ուրբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ, պաշտպանական ապրանքատեսակների արտադրության օրենքի համաձայն, ինքը պահանջել է ամերիկյան ընկերություններին մեծացնել բժշկական ապրանքների արտադրությունը՝ երկրի պահանջմունքների բավարարաման նպատակով։ «Այդ ապրանքները մեզ անհրաժեշտ են ներքին օգտագործման համար։ Եվ մենք պետք է դրանք ստանանք»,- հայտարարել է Թրամփը։ Նրա խոսքերով՝ ամերիկյան իշխանությունները ստացել են գրեթե 200 000 N95 ռեսպիրատորներ, 130 000 վիրահատական դիմակներ և 600 000 ձեռնոցներ։ Ընդ որում նա չի հստակեցրել, թե ինչ միջոցներով և ճանապարհներով են բժշկական այդ միջոցները հայտնվել կառավարության ձեռքում։

Անդրեաս Գիզելը հայտարարել է, որ Բեռլինի համար նախատեսված դիմակների բռնագրավումը, իր տեսակով, համարվում է «ժամանակակից ծովահենության դրսևորում» և կոչ է արել Թրամփի վարչակազմին հավատարիմ մնալ միջազգային առևտրի կանոններին։ Գիզելը նշել է «Տրանսատլանտյան գործընկերների հետ այդպես չեն վարվում։ Անգամ համաշխարհային ճգնաժամի ժամանակ չի կարելի կիրառել Վայրի Արևմուտքի մեթոդները»։

Գիզելի տեսակետը կիսում են նաև եվրոպական մյուս երկրների ներկայացուցիչները, որոնք դժգոհ են ԱՄՆ ագրեսիվ գնումների քաղաքականությունից։ Ֆրանսիայի տարածաշրջանային ղեկավարները, օրինակ, դժգոհում են, որ ամերիկացիներն իրենց քթի տակից վերագնում են բժշկական ապրանքները։ Իլ դե Ֆրանսի շրջանային խորհրդի ղեկավար Վալերի Պեկրեսեն բժշկական դիմակների ձեռքբերման մարտը համեմատել է գանձերի որսի հետ։

«Ես գտել էի դիմակների խմբաքանակ, սակայն ամերիկացիները, ի նկատի չունենալով ամերիկյան կառավարությանը, մեզնից առաջ անցան։ Նրանք առաջարկեցին 3 անգամ ավելի բարձր գին և պատրաստ էին գումարը միանգամից վճարել»,- բողեքել է ֆրանսիացի քաղաքական գործիչը։

Զուգահեռաբար, ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներից մեկը, անանունության պայմանով, «Reuters» գործակալությանը հայտնել է, որ ամերիկյան ընկերությունները և կառավարությունը արտասահմանից գնված բժշկական ապրանքների համար վճարում են շուկայականից բարձր գին։ Աշխատակիցը հայտնել է, որ ԱՄՆ-ն կանգ չի առնի մինչ այն պահը, երբ երկրի պաշարներն ավելցուկ կտան։ Այդ գնումները, հավանաբար, կիրականացվեն մինչև օգոստոսի վերջ։ Նա հավելել է, որ պետությունը ձեռք կբերի այն ամենը, ինչ հնարավոր է։

Ավելի վաղ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր, որ վերանայում է իր խորհուրդները՝ հանրային վայրերում դիմակների կրման կանոնների վերաբերյալ։ Ներկայումս ԱՀԿ-ն կարծում է, որ դիմակները չեն կարողանում բավարար պաշտպանություն ապահովել վարակներից, որը կարդարացներ դրանց զանգվածային օգտագործումը։ Սակայն որոշ երկրներ, ներառյալ Միացյալ Նահանգները, այլ կարծիք ունեն։

Ուրբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման վերահսկման կենտրոններն այսուհետ ամերիկացիներին խորհուրդ կտան կրել ոչ բժշկական նշանակության դեմքի կտորե դիմակներ, որոնք անհրաժեշտ են վիրուսի տարածման դեմ պայքարելու համար։

Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 311 656 դեպք, ապաքինվածների թիվը հասել է 14 828-ի, իսկ մահացածների թիվը՝ 8 454-ի։ ԱՄՆ-ն այսօր առաջինն է աշխարհում վարակակիրների ընդհանուր թվով։

Հումանիտար լուրջ հետևանքներ

Ամերիկյան «3M» ընկերությունը, որը գործում է Չինաստանում և որի դիմակներն այդպես էլ չեն հասել Բեռլին, հայտարարել է, որ Թրամփի աշխատակազմն ընկերությանը հրահանգել է դադարեցնել N95 ռեսպիրատորների արտահանումը Կանադա և Լատինական Ամերիկայի երկրներ։ Ընկերությունը հայտարարել է, որ այդպիսի պահանջը կարող է ունենալ հումանիտար լուրջ հետևանքներ և կստիպի մյուս երկրներին համանման պատասխան տալ։ Ընկերությունն ամսական արտադրում է շուրջ 100 միլիոն N95 ռեսպիրատորներ, որոնց մեկ երրորդի սպառման շուկան Միացյալ Նահանգներն է, մնացած մասն արտահանվում է այլ երկրներ։

Նախագահ Թրամփը հայտարարել է, որ կիրառել է «Պաշտպանական ապրանքների արտադրության մասին» օրենքը, որպեսզի «հարված հասցնի 3M-ին», սակայն չի խորացել մանրամասների մեջ։ 1950-ական թվականներին ընդունված օրենքը թույլատրում է նախագահին ստիպել ընկերություններին արտադրել պաշտպանական կարիքների բավարարմանն ուղղված ապրանքներ։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուոդոն էլ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ հիմար քայլ կլինի առևտրաշրջանառության կրճատումը։