Ծագումով ալավերդցի Ալեքս և Ջորջ Ձավարյանները իրենց ընկերոջ՝ Ֆինլեյ Ուայթի հետ իրենց դպրոցը վերածել են ժամանակավոր արտադրամասի և պաշտպանիչ դիմակներ են արտադրում՝ կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու գործում Ազգային առողջապահության համակարգին օգնելու համար։ Այս մասին գրում է «Անկյուն 3»-ը։

Նրանք օգտագործում են իրենց դասասենյակի 3D տպիչները՝ առողջապահության ոլորտի աշխատողների համար երեսպատման պաշտպանիչ դիմակներ ստեղծելու համար։

Դիմակները նրանք տրամադրում են անվճար՝ զուգահեռ զբաղվելով գումար հայթայթելով, որպեսզի կարողանան հոգալ հումքի և վճարման ծախսերը։

Լոնդոնի արևմուտքում գտնվող Համսերսմիթ քաղաքի Latymer-ի բարձրագույն դպրոցի նախկին սան, Augment Bionics ստարտափի տեխնիկական ղեկավար, 22-ամյա գիտնական Ջորջ Ձավարյանը, տեսնելով, որ պաշտպանիչ դիմակների պակաս կա, որոշում է իր նախկին դպրոցում 3D սարքավորումների միջոցով զբաղվել դրանց արտադրությամբ։

Նա աշխատանքներում ներառում է նաև իր եղբորը՝ Ալեքսին, որը լոնդոնյան դպրոցի ուսանող է։ Նրանց է միանում նաև Latymer-ի բարձրագույն դպրոցի նախկին սան՝ 19-ամյա Ֆինլեյ Ուայթը։

Պաշտպանիչ դիմակների պատրաստման գործը նրանք սկսել են երկուշաբթի՝ պատրաստելով 90 հատ դիմակ, որը ուղարկել են Ուելսի հիվանդանոցներից մեկին։ Եվս 500 դիմակի պատվեր նրանք ունեն Լոնդոնի, Լիվերպուլի և Շոտլանդիայի հիվանդանոցներից։

Ջորջը հուսով է, որ Մեծ Բրիտանիայում ավելի մեծ ընկերություններ ու խոշոր արտադրողներ կարող են սկսել զբաղվել այս գործով։

Իսկ Ալեքսն ասում է, որ իրեն շատ լավ է զգում, որ կարողանում է օգնել։ Հակառակ դեպքում պարզապես նստած կլիներ տանը՝ ոչինչ չանելով, ինչպես բոլորը:

«Բայց այստեղ ես իրականում ինչ-որ բան եմ անում, ես օգտակար եմ համայնքին: Ես օգնում եմ նաև բժիշկներին, և դա էլ հետաքրքիր է։ Չնայած հոգնեցնող գործ է»։

Ի դեպ, Ջորջն ու Ալեքսը Թումանյանի տարածաշրջանի նախկին Շրջկոոպի տնօրեն Վարազդատ Ձավարյանի թոռներն են։