Քաշաթաղում ՀՀ-ից եկած բնակիչ է մեկուսացվել: Այդ մասին ասվում է Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի ֆեյսբուքյան էջում, նա նշում է նաև, որ նոր կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքեր Արցախում չեն եղել։

«Մենք փորձում ենք ամեն կերպ մեզ բոլորիս ապահովագրել հնարավոր խնդիրներից։ Այդ նպատակով է նաև, որ Միրիկ համայնքի՝ ՀՀ-ից եկած բնակչին մեկուսացրել ենք Քաշաթաղի շրջանային բուժմիավորումում, իսկ նրա հետ շփված համագյուղացիներին հորդորել ենք ժամանակավոր ինքնամեկուսանալ։ Այդ նույն նպատակով սահմանափակել ենք գյուղում շարժը։ Մեկուսացված բնակիչը առաջիկայում անհրաժեշտ թեստավորում կանցնի։

Այս ամենը մեկ նպատակ ունի. առավելագույնս ապահովել մեր քաղաքացիներին հնարավոր վարակներից»,- ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ համավարակի հնարավոր տարածումը կանխարգելող միջոցառումների համար ստեղծված օպերատիվ շտաբն իրականացնում է հնարավոր բոլոր միջոցները վարակի ներթափանցումը կանխելու նպատակով։