Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկին։ Ըստ որի հնարավորություն է տրվելու ազգային փոքրամասնություններին տարվա մեջ չորս օր չվճարվող արձակուրդ տրամադրել ազգային տոները նշելու համար:

Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է:

Նրա խոսքով` նախագծով առաջարկվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հնարավորություն տալ տարվա մեջ չորս անգամ մասնակցելու իրենց կրոնական, ազգային և մշակութային, պատմական օրերին: Ըստ նրա` Հայաստանի անկախության հռչակումից հետո գնալով նվազել է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների թիվը, այժմ Հայաստանում 11 ազգային փոքրամասնություն է ապրում:

«Սրանով հնարավորություն է տրվում, որ ազգային փոքրամասնություններն ավելի մոտ գտնվեն իրենց ազգային ինքությանը, կարողանան մասնակցել կրոնական ծիսակատարություններին, ազգային միջոցառումներին»,- ասել է նա:

Բաքոյանի խոսքով` այդ օրերը հնարավոր չէ ամրագրել նախագծում, քանի որ տարբեր ազգային փոքրամասնություններ տարբեր ազգային ծիսակատարություններ ունեն, որոնց ցանկանում են մասնակցել, օրինակ` եզդիների Նոր տարին նշվում է ապրիլի 15-ին, ասորիներինը` ապրիլի մեկին:

Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը շնորհակալություն հայտնեց նախագծի հեղինակին` նշելով, որ այս փոփոխությունը բխում է Սահմանադրության մի քանի սկզբունքներից` իրավահավասրության, օրենքի առջև բոլորի հավասարության և խտրականության բացառման: Պատգամավորը նաև հավելեց, որ Կառավարությունն էլ առաջարկել է նման հնարավորություն ընձեռել ոչ միայն ազգային փոքրամասնություններին, այլ նաև մարդկանց, ովքեր այլ դավանանք ունեն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը մանրամասնեց, որ չորս աշխատանքային օրերը լինում են ամբողջ տարվա կտրվածքով, ոչ թե իրար հետևից: Նաև նշեց, որ գործատուի և աշխատակցի միջև տարաձայնություններ չլինելու համար առաջարկվում է, որ աշխատակիցը ներկայացնի գրավոր տեղեկանք և հիմնավորի, թե ինչու է անհրաժեշտ այդ օրը աշխատանքից բացակայելը:

Նախագիծը ստացավ հանձնաժողովի հավանությունը: