ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով «Գազպրոմ Արմենիայի» գազի գնի բարձրացման հայտին, հայտարարել է, որ եթե սպառողի համար գազի գինը, այնուամենայնիվ, բարձրանա, չի բացառվում, որ կառավարությունը սուբսիդավորման ծրագրեր իրականացնի։ Այդ մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերության եթերում՝ նշելով, որ ՀԾԿՀ-ն դեռ պետք է ուսումնասիրի «Գազպրոմ Արմենիայի» հայտը։

«Հայցվող բարձրացումը 11% է, և եթե անգամ վատագույն սցենարը հիմք ընդունենք և չհաջողվի սահմանին գազի գինը փոխել այս ընթացքում, նույնիսկ այդ դեպքում, կարծում եմ, ներքին բաշխումների հնարավորությունները շատ են»,– ասել է Գրիգորյանը։

Ըստ փոխվարչապետի՝ գնի 10% բարձրացումը հավասար է 20 մլրդ դրամի, որը հնարավոր է բալանսավորել` սոցիալական ու տնտեսական հետևանքներից խուսափելու համար։