Ապրիլի 6-ի դրությամբ ոստիկանությունը Իրանից Հայաստան մուտք գործող բեռնափոխադրումներ իրականացնող 515 տրանսպորտային միջոցների ուղեկցում է կատարել։ Այս մասին կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։

«Ուղեկցման ընթացքում սահմանափակվել է տրանսպորտային միջոցների վարորդների և նրանց փոխարինող անձանց՝ երթուղուց դուրս տեղաշարժը՝ բացառելով բնակչության համար առողջապահական վտանգ ներկայացնող շփումները»,- նշել է նա։

Հայկ Մհրյանի խոսքով՝ կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով այսօրվա դրությամբ Արցախ մտնելու թույլտվություն է ստացել 1908 տրանսպորտային միջոց, իսկ 575 տրանսպորտային միջոցների մուտքն արգելվել է։

Ոստիկանության պետի տեղակալը նշել է նաև, որ վիրուսակիր անձանց հետ շփումները բացառելու նպատակով ոստիկանությունը պահակակետեր է տեղակայել 27 մեկուսացված վայրերում՝ հիվանդանոցներում և հյուրանոցներում, որտեղ պահվում են կորոնավիրուսով վարակվածներն ու նրանց հետ շփվածները։

Այս պահին հանրապետությունում կա 69 հատուկ անցակետ՝ բնակչության ազատ տեղաշարժը սահմանափակելու համար։ Մինչ օրս ոստիկանությունն արգելել է 3007 տրանսպորտային միջոցի մուտքը մի վարչական տարածքից մյուսը։

Հայկ Մհրյանի խոսքով՝ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի կողմից 2858 տրանպորտային միջոցներից իջեցվել են երրորդ և ավելի անձինք, իսկ 69 ուղևորափոխադրում իրականացնող վարորդների նկատմամբ կազմվել է վարչական ակտ՝ ուղևորափոխադրման կանոնները խախտելու համար։

Ներկա դրությամբ՝ ոստիկանության ծառայողների կողմից հսկողություն է սահմանվել հանրապետությունում անցկացված 870 հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացակարգերի վրա, արգելվել է 20-ից ավելի անձանց մասնակցությունն այդ արարողություններին։

Ոստիկանության պետի տեղակալը նաև տեղեկացրեց, որ ոստիկանության բժշկական հոսպիտալն այս պահին ծառայում է որպես ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ բուժվում է կորոնավիրուսով վարկված 83 անձ։