Ապրիլի 6-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 6 ոստիկան կա, մեկուսացված է 16 իրավապահ, հայտարարել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։

Փոխոստիկանապետը հայտնել է, որ քաղաքացիների մեկուսացման վայրերում օրական 170 ոստիկան է ծառայություն իրականացնում։

Անդրադառնալով արտակարգ դրության հետ կապված սահմանափակումներին՝ Մհրյանը նշել է, որ ոստիկանության կողմից դադարեցվել է 2164 օբյեկտի տնտեսական գործունեությունը, 36-ի նկատմամաբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել։

Նրա խոսքով՝ ապրիլի 6-ի դրությամբ վարչական իրավախախտման 6667 արձանագրություն է կազմվել, որոնցից 1735-ով կայացվել են վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումներ։ 2888 անձնական տրանսպորտային միջոցից իջեցվել են երրորդ և ավելի ուղևոր հանդիսացող անձինք, ուղևորափոխադրում իրականացնող 69 վարորդի հանդեպ արձանագրություն է կազմվել։ Արգելվել է 3007 տրանսպորտային միջոցի մուտքը մի վարչական տարածքից՝ մյուսը։

Փոխոստիկանապետը հայտնել է նաև, որ երկրում հանցագործությունների նվազում կա, ոստիկանությունն ու ԱԻՆ-ը հնարավորության սահմաններում հետևում են նաև, որ բակերում մարդկային կուտակումներ չլինեն։