Կառավարության ընդունած հակաճգնաժամային փաթեթները տարիքային սահմանափակում չունեն։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին։

«55-65 և ավել տարիքի մարդիկ նույնիսկ 21-րդ դարում լիարժեք աշխատունակ մարդիկ են, և մենք պետք է ունենանք ծրագրեր, որոնք այդ մարդկանց աշխատաշուկայում մրցունակ կդարձնեն․․․ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք այդ ծրագրերին։ Մեր երկրի տնտեսական զարգացման առումով մեր նպատակը պետք է լինի ոչ թե այս տարիքային խմբի մարդկանց թոշակով կամ նպաստով ապահովելը, այլ նրանց հետ աշխատելը, նրանց հմտությունները այնպես զարգացնել, որ աշխատաշուկայում աշխատանք գտնելու համար նրանք առավել մրցունակ լինեն։ Ես համարում եմ, որ իսկապես լուրջ անելիք ունենք այս հարցում, և առաջիկայում առավելագույնը կանենք հարցի կարգավորման համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով տնտեսական ճգնաժամերը հաղթահարելու մասին վարչապետն ասել է, որ ունեն կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրներ։

«Կարճաժամկետի առումով մենք խնդիր ենք դնում այս տարի շատ արագ պետական կապիտալ ներդրումներ անել, որովհետև դրանք ամենաշատ աշխատատեղեր ստեղծող ներդրումներն են, և պետական կապիտալ ներդրումները քարշակում են տնտեսության մյուս ճյուղերը։ Երկարաժամկետ առումով մեր խնդիրը պետք է լինի մարդկային ռեսուրսի, տեխնոլոգիայի և գիտելիքի զարգացումը։ Մեր տնտեսությունը զարգացնելու և տնտեսական հեղափոխությունն իրականացնելու ռազմավարությունը կրթությունը ազգային ապրելակերպ դարձնելն է»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ապրանքների թանկացման վերաբերյալ հարցին։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանում «ապոկալիպտիկ թանկացումներ» չեղան և չեն էլ սպառնում։ Ըստ նրա՝ 2018-19 և 2020 թվականների առաջին երկու ամիսների ընթացքում եղել է գնաճի շատ ցածր ֆոն։

«ՄԱԿ-ի զեկույցների համաձայն՝ 2019թ․ հոկտեմբերին անցած տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի համաշխարհային գները աճել էին 6 տոկոսով, մինչդեռ Հայաստանը 2019թ․ դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի ապրանքախմբում արձանագրել էր 0․3 տոկոս գնանկում։ Հայաստանում նախաճգնաժամային շրջանում ցածր գնաճային ֆոն է եղել»,- նշեց Կառավարության ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ խոշոր առևտրի կենտրոնում հացի թանկացում չի եղել, սակայն որոշ ապրանքների թանկացում եղել է, և դրանց մի մասը, ըստ վարչապետի, կապված է արտարժույթի տատանումների հետ։

«Հակաճգնաժամային առաջին միջոցառումների շրջանակում պետք է վերահսկենք, որ գների անտրամաբանական աճ տեղի չունենա»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ ԵԱՏՄ կանոնների համաձայն՝ 600 ապրանքների մաքսատուրքերը բարձրացել էին, սակայն բանակցությունների արդյունքում՝ Հայաստանի համար մաքսատուրքի չափը վերադարձավ նախկին մակարդակին, մասնավորապես առաջիկա 6 ամիսների ընթացքում մի շարք ապրանքների համար մաքսատուրքերը կիջնեն, մասնավորապես՝ մսի, կարագի, բրնձի, արևածաղկի ձեթի, հնդկաձավարի, բժշկական պարագաների և այլն։ Վարչապետը համոզմունք հայտնել է, որ այս գործողությունները որոշակիորեն կմեղմեն գնաճը։