«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ։

Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, այսօր մերժել է նրան 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասել է Աբրահամյանի պաշտպաններից Հովհաննես Քոչարյանը՝ հավելելով, որ դատարանը մերժել է նաև իրենց՝ պաշտպանների ներկայացրած բողոքը։

Նշենք, որ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը քննած առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը համարել էր, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ Աբրահամյանը կատարել է իրեն վերագրվող արարքը, բայց նրա նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ էր կիրառել։ Աբրահամյանի պաշտպանները պնդում են, որ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չէ, և դրա վերաբերյալ էին բողոք ներկայացրել վերաքննիչ դատարան։

Ռազմիկ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այսինքն՝ երեխային առանց ծնողների համաձայնության նրանցից բաժանելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, ինչպես նաև 200-րդ հոդվածով՝ առևտրային կաշառք։

Ավելի վաղ Հովհաննես Քոչարյանը նշել էր, որ Ռազմիկ Աբրահամյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել էր 2019թ-ի դեկտեմբերին, սակայն դատարանը, նախագահությանբ դատավոր Դավիթ Բալայանի, ոչ իրավաչափ էր ճանաչել նրա ձերբակալման որոշումն ու նրան ազատ արձակել։ Դավիթ Բալայանը քննել էր նաև Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Աբրահամյանին կալանավորելու վերաբերյալ ու մերժել այն։ Դատախազությունն այս որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, սակայն Վերաքննիչ դատարանը փետրվարի 1-ին մերժել էր բողոքը։

Վերաքննիչ դատարանի այս որոշումից օրեր անց Աբրահամյանին կալանավորելու երկրորդ՝ վերը նշված միջնորդությունն էր ներկայացվել դատարան, որը քննել է դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Այս դատական ակտը, փաստորեն, նույնպես դատական ստուգման է ենթարկվել ու մնացել ուժի մեջ։