Արցախում տեղի ունեցած ընտրություններն արտահայտում են ուժերի այն հարաբերակցությունը, որն այսօր կա Արցախնում։ Այս մասին ուղիղ եթերում, պատասխանելով քաղաքացիների հարցերին, նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ոչ ոք չի ասում, թե ընտրախախտումներ տեղի չեն ունեցել, հարցն այն է, թե որքանով են այդ խախտումներն ազդել ընտրությունների արդյունքների վրա։

«Եկեք նայենք թվաբանությանը․ եթե խոսքը կեղծիքների մասին է, ապա նախագահի թեկնածուներից Արայիկ Հարությունյանին առաջին փոլում հաղթելու համար չի հերիքել մի քանի հարյուր ձայն։ Եթե ընտրությունները կեղծում են, ապա որևէ կեղծող մեքենա 600 ձայնի առաջ կկանգնի՞․․․ ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա երկրորդ և երրորդ տեղերը գրավել են ընդդիմադիր ուժերը։ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման այն ժամանակներում, երբեք այպիսի բան չէիք տեսնի։ Եթե կեղծում ենք, ապա ինչի ենք կեղծում այնպես, որ բավական կոշտ ընդդիմությունը զբաղեցնի երկրորդ կամ երրորդ տեղը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ կառավարության ղեկավարը նշում է, որ Արցախի ընտրությունները կատարյալ չեն եղել, սակայն Հայաստանի իշխանությունները պետք է շարունակեն աջակցություն ցուցաբերել Արցախին ժողովրդավարության կայացման գործում, և ժողովրդի ձայնը չի կարող չլսվել։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Արցախում կայացած նախագահական ընտրություններում ձայների 49,26%-ը ստացել էր Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, իսկ գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանի օգտին քվեարկել էր ընտրողների 26,4%-ը։ Այս երկու թեկնածուներն էլ նախագահի պաշտոնի համար կպայքարեն երկրորդ փուլում։ Նախօրեին Մասիս Մայիլյանը Արցախի քաղաքացիներին կոչ էր արել կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք երկրորդ փուլին։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ հինգ քաղաքական թիմերը՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք (40,4%), «Միասնական Հայրենիք» կուսակցություն (23,63%), Արցախի Արդարություն կուսակցություն (7,9%), Հայ Հեղափոխական Դաշնակցություն (6,4%) և Արցախի ժողովրդավարական կուսակցություն (5,81%):