Եվրոպական միությունը որոշել է 15 միլիարդ եվրո տրամադրել գործընկեր աղքատ երկրներին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար։ Այդ մասին երեքշաբթի օրը տեսաուղերձով հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նա նշել է, որ Աֆրիկայի երկրները մի քանի շաբաթ անց կբախվեն այն խնդիրներին, որոնց հետ այսօր գործ ունեն ԵՄ անդամ պետությունները։ Աֆրիկյան երկրները պետք է կարողանան կանխել համավարակի տարածումը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքերով՝ տրամադրվող գումարը պետք է հատկացվի ԵՄ գործընկեր պետությունների առողջապահական համակարգի ամրապնդմանը և ներդրվի տնտեսության մեջ։ Եվրահանձնաժողովի ղեկավարը չի նշել, թե որ երկրները կստանան օգնությունը։ Բացի այդ նաև հայտնի չէ, թե ինչպես կտրվի ֆինանսավորումը։ Օգնության մանրամասները և չափերը պետք է քննարկեն ԵՄ անդամ պետությունների զարգացման նախարարները։

Եվրոպական պաշտոնյաները, ավելի վաղ, մտահոգություն էին հայտնել, որ Եվրոպայում COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարը կարող է լինել անարդյունք, եթե վիրուսը զանգվածային տարածում գտնի Աֆրիկայում, իսկ այնուհետ կրկին ներթափանցի Եվրոպա։ Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքերով՝ պետք է «համակարգված գլոբալ պատասխան տրվի կորոնավիրուսի համավարակին»։