ՌԴ ԶՈւ մասնագետները ՀՀ-ում COVID-19-ի ախտորոշման շարժական լաբորատորիա են գործարկելու
ՀՀ է ժամանել ՌԴ ԶՈւ մասնագետների թիմը, որը COVID-19-ի ախտորոշման շարժական լաբորատորիա կգործարկի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ թիմը ժամանել է նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով:
Այն համալրված է COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և նմուշառման համակարգով։
«Շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ (PCR) անալիզ: Նշված կոմպլեքսը հնարավորություն ունի ծավալվել և 45 օր առանց արտաքին շրջապատի հետ շփման կատարել առաջադրված խնդիրը»,- ասվում է գրառման մեջ:
Պաշտպանության նախարարության տրամադրության տակ այդ համակարգերը հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները:
Թիրախային խմբերում իրականացվող հետազոտությունները մեծապես կնպաստեն կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանն ու զգալիո կբարձրացնեն հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը: