Երեկվանից խոսակցություններ են տարածվում, թե Վերին Հոռաթաղ համայնքում կորոնավիրուսից մարդ է մահացել: Թե որքանով է այդ ամենը համապասխանում իրականությանը, մեկնաբանել է Վերին Հոռաթաղ համայնքի ղեկավար Գրիշա Մարտիրոսյանը: Այս մասին հայտնել է «Հետք»-ը։

«Ասում են՝ Շահումյանից մի հոգի եկել է ու շփվել գյուղի բնակիչների հետ, դա է պատճառը, որ սահմանափակումներ են մտցրել», - նշում է գյուղապետը:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսից մահացության մասին լուրերին, գյուղապետն ասում է, որ այդ մարդը քաղցկեղից է մահացել Երևանի հիվանդանոցներից մեկում:

Արցախի պարետի որոշմամբ՝ ապրիլի 15-ից՝ ժամը 00:01-ից անձանց ազատ տեղաշարժը սահմանափակվելու է Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք, Շահումյանի շրջանի Քարվաճառ, ինչպես նաև՝ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Հաթերք համայքների վարչական տարածքներում, սակայն մինչև այս պահը Մարտակերտի շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպք չի հաստատվել:

Մամուլի հետ կապերի պատասխանատու Տիգրան Աբրահամյանն ասել է, որ դա պայմանավորված է նրանով, որ այդ համայնքներում կան ինքնամեկուսացված անձինք, գրում է «Հետք»-ը։