Դիլիջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել կեղծիքի և լիազորությունները չարաշահելու համար
ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով Դիլիջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Պարզվել է, որ Դիլիջանի ղեկավարը, որը 2005թ-ից մինչ օրս զբաղեցրել է պաշտոնը, չունենալով ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու լիազորություն և համայնքի գույքը օտարելու իրավունք, առանց համայնքի ավագանուն առաջարկություն անելու, 2013-2016թթ-ին արտադրական կոոպերատիվի նախագահի հետ, որն իր մտերիմն է, կնքել է պայմանագրեր:
Դրանցով համայնքի ղեկավարը Աղստև գետի հունի մաքրման աշխատանքներից առաջացած մոտ 21.205 մ/խ ավազակոպճային խառնուրդն անհատույց տրամադրել է հիշյալ կոոպերատիվին՝ պետության, համայնքի իրավունքներին պատճառելով էական վնաս:
Այնուհետև, համայնքի ղեկավարը, 2016-2019թթ., կրկին առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, համայնքին պատկանող TLB-825-RM էքսկավատորը և «ՄԱԶ» բեռնատարը, առանց որևէ փաստաթղթային ձևակերպման, պարբերաբար, անհատույց օգտագործման է տրամադրել է վերոհիշյալ կոոպերատիվի նախագահին:
Իսկ երբ իրավապահները բացահայտել են այդ փաստը, համայնքի ղեկավարը հետին թվով կազմել է կեղծ փաստաթուղթ՝ պայմանգիր՝ նշված տեխնիկան կոոպերատիվին վարձակալության հանձնելու վերաբերյալ:
Բավարար ապացույցների համակցությամբ՝ Դիլիջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով) 1-ին մասով և 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով (պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200=300-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝):
Նախաքննությունը շարունակվում է: