Կհիմնենք նոր օպերատոր՝ Unet․ Հայկ Եսայան
Հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր Ucom-ի բաժնետեր, նախկին տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել է, որ վերջնականապես դադարեցնում է ընկերության կառավարումը և իր թիմով պատրաստվում է հիմնել կապի նոր օպերատոր, որը Unet անունը կստանա։
«Որոշ իրավաբաններ նշում են, որ ապրիլի 14-ից Արա Խաչատրյանն է տնօրեն։ Շատ լավ, եթե Արա Խաչատրյանն է, ո՞ւր է Արա Խաչատրյանը, ինչու՞ չի եկել ոչ մեկիդ հետ հանդիպել, սա ի՞նչ ընկերություն է, ինչո՞ւ է կապի ապահովում իրականացնում։ Թող ինքը գա, որոշումներ կայացնի, ես պաշտոնապես ասում եմ՝ ես դադարեցնում եմ Ucom-ով զբաղվել»,- հայտարարել է Եսայանը։
Նա նշել է՝ լուրերով է լսել, որ այլևս ընկերության տնօրենը չէ, չնայած ոչ մի որոշում և դիմում այդ մասին չի ստացել։
Եսայանի խոսքով՝ ինքն ու իր թիմը գնում են նոր օպերատոր հիմնելու, ու եթե անհրաժեշտություն լինի, ինչպես 12 տարի առաջ, նոր «կաբելներ կքաշեն» և կստեղծեն ավելի լավ օպերատոր։ Նա հայտարարել է՝ իրենք խաբված են, և իրենց մեջքի հետևում «խաղեր են եղել»։