Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցների բողոքի ակցիայից 2 շաբաթ հետո քաղաքում կարող է կորոնավիրուսի դեպքերի լուրջ աճ գրանցվել, հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

«Ես տեսա, որ մոտ 100 հոգի, ավելի կամ պակաս, կապ չունի, հավաքված են մի տեղ և պահանջում են աշխատանք։ Ինձ մի հարց է հետաքրքրում՝ կապված կորոնավիրուսի հետ․ այս մարդիկ իրար կողք էին կանգնած։ Վրաստանում, օրինակ, իրավիճակը չի վերահսկվում այնպես, ինչպես մեզ մոտ, որովհետև նրանք հասցեական ձևով չգիտեն, թե որտեղից է գալիս վարակը, մենք կարող ենք գտնվել այդպիսի իրավիճակում։ Վրաստանը 4 մեծ քաղաք փակեց, քանի որ չգիտեին՝ որն է վարակի աղբյուրը։ Այն, ինչ տեսանք Վանաձորում, կարող է այդպիսի իրավիճակ ստեղծել մեր մեծ քաղաքում։ Իհարկե, գործարանը պետք է աշխատի, եթե Կառավարության որոշմամբ՝ բոլոր անհրաժեշտ անվտանգության հետ կապված հարցերն ապահովվում են, բայց այն, ինչ կատարվում է՝ անընդունելի է։ Խոսքն այն մասին չէ, որ մարդիկ հավաքվել և ըմբոստանում են, այլ այն, որ 2 շաբաթից մենք լուրջ թվեր կարող ենք ունենալ Վանաձորում»,- ասել է նա։

Իգիթյանն իր ելույթով արձագանքել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, ով անդրադարձել էր կարի ֆաբրիկայի միջադեպին։

Մարուքյանը նախ հիշեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Պարետատունը հայտարարել էին, որ ապրիլի 20-ից տեքստիլ ոլորտը հնարավոր է վերագործարկել, սակայն Վանաձորում «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողներն ապրիլի 21-ին գնացել են աշխատանքի, իսկ ոստիկանությունն այդ մարդկանց նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանaգրություն է կազմել և տուգանել:

«Այսինքն՝ ունենք իրավիճակ, որ պետությունը հայտարարում է, որ ամսի 20-ից կարող են աշխատել, մարդիկ գնում են աշխատանքի և իրենց տուգանում են»,- ասել է Մարուքյանը և նշել, որ նրանք այն մարդիկ են, որոնք որևէ ծրագրով սոցիալական աջակցություն չեն ստանում:

Մարուքյանն առաջարկել է վերանայել մոտեցումները և 2600 աշխատակցի կամ թույլ տալ գնալ իրենց աշխատանքին, կամ հասցեական աջակցություն ցույց տալ։ Պատգամավորը նաև կոչ է արել չեղյալ համարել այն արձանագրությունները, ըստ որոնց աշխատակիցները տուգանվել են: