ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման տենդենցն այս փուլում վերահսկելի է, եթե նման կերպ շարունակվի, տնտեսական գործունեության տարբեր տեսակներ կսկսեն բացվել։

Ավինյանը հիշեցրել է, որ հանվել են մարզային անցակետերը, և այդ ուժերը կենտրոնացվելու են այն հատվածներում, որտեղ կա վերահսկողության կարիք։ Պարետը նշել է, որ համայնքներում բռնկման դեպքում կօգտագործվեն համայնքային սահմանափակումներ։

«Ինչպես խոստացել էինք՝ փուլային տարբերակով, կամաց-կամաց մենք գնում ենք դեպի բացում, միաժամանակ, մեր տեղորոշման համակարգերն ավելի էֆեկտիվ են աշխատում այս փուլում։ Ամբողջապես այս համակարգը տեղափոխվել է ԱԻՆ-ի կառավարման կենտրոն։ Այնտեղից համաճարակաբանները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն ու ծրագրավորողներն աշխատում են, և այս համակարգը փոխլրացնում է Համաճարակների վերահսկմնա և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքը: Այս փուլում, կարելի է ասել, դեռևս վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է, եթե այսպես շարունակվի, կարծում եմ, կրկին կշարունակենք տնտեսական տարբեր գործունեություններ վերաբացել», - ասել է նա։