ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Ազգային ժողովում մայիսի 8-ի ծեծկռտուքի տեսանյութը։ Այս մասին գրում է Aysor.am-ը։

Ազգային ժողովում պատգամավորների միջև քաշքշուկ ու ծեծկռտուք է եղել: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը սպառնացել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի «վիզը կտրել», Մարուքյանը նրան հորդորել է «շմայսություն» չանել։

Վեճը սկսվել է, երբ Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթից հետո նրան հորդորել է չօգտագործել այնպիսի բառեր, որոնք ԱԺ-ում կարող են լարվածություն ստեղծել։ Մարուքյանի ու Թունյանի կարճ բանավեճին խառնվել է Սասուն Միքայելյանը: Դրանից հետո Միքայելյանն ու Մարուքյանը ծեծկռտուքի են բռնվել՝ հարվածել միմյանց, վեճին խառնվել են նաև մյուս պատգամավորները։