ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում՝ խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարի մասին, ասել է․

«Մենք արդեն դեպքեր ունենք, որ թաղումները դառնում են համատարած բռնկումների պատճառ: Իրար քիթ մտած չխոսել, այո, թաղում չգնալ, եթե շատ հարազատ մարդու մասին չէ խոսքը: Մի գնացեք թաղում, դրանից աշխարհը չի փլվի: Եթե գնում եք թաղում, ևս 10 մարդու մահվան ուղեգիր եք տալիս դրանով, գնալու էությունը ո՞րն է: Մեր հանգուցյալը դրանից ավելի գոհ ու շնորհակա՞լ է մնում: Իհարկե՝ ոչ»։

Նա նաև ընդգծել է, որ ամենամեծ խնդիրն այն է, որ համայնքներում ու Երևանում թաղումները կազմակերպվում են այնպես, կարծես ոչինչ չի եղել:

«Եկել է ժամանակը, որ մենք բազմակի լրջությամբ վերաբերվենք իրավիճակին: Մենք թվերի շատ կտրուկ աճ ենք ունենում: Մենք բավականին մեծ խնդրի առաջ ենք կանգնած այս պահին, և այդ խնդրի պատճառն այն է, որ մենք բոլորս բավարար լրջությամբ չենք վերաբերվում կորոնավիրուսին»,- ասել է Փաշինյանը: