Վրաստանում կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը և պարետային ժամը մայիսի 22-ին կհանվեն, բայց որոշ սահմանափակումներ կմնան, հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Արտակարգ դրությունը չի երկարաձգվի, ուստի պարետային ժամը նույնպես չեղյալ կհայտարարվի, ընդ որում՝ վիրուսը ոչ մի տեղ չի գնացել: Արտակարգ դրությունը չեղարկվելուց հետո մեր պատասխանատվությունն ավելի է մեծանում, և Առողջապահության նախարարության մասնագետների պահանջները դառնում են ավելի կարևոր: Առողջապահության նախարարության կողմից մշակված որոշակի սահմանափակումներ կպահպանվեն» - ասել է Գախարիան:

Ըստ նրա՝ արտակարգ դրությունը չեղարկելով՝ օրենսդիր մարմինը նաև պատրաստվում է ընդունել մի շարք սահմանափակումների պահպանման մասին օրենք։

Գախարիան նշել է, որ կառավարության անդամները պատրաստ են ելույթ ունենալ խորհրդարանում և պատասխանել հարցերին, թե ինչպես են կառավարել երկիրն արտակարգ դրության պայմաններում: