Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ Հայաստանում, ամենայն հավանականությամբ, մայիսի 22-ից կորոնավիրուսով վարակված, բայց սիմպտոմներ չունեցող պացիենտները հիվանդանոցներից կամ հյուրանոցներից տուն կճանապարհվեն՝ շարունակելու իրենց ինքնամեկուսացումը։

Քաղաքացիները, որոնց մոտ վիրուսը նոր կհաստատվի, սակայն սիմպտոմներ չեն ունենա, կրկին կմեկուսանան տանը: Նախարարը նշել է, որ տանը գտնվող քաղաքացիները չեն զրկվում բուժօգնությունից, փոխվում է հիվանդության վարման ձևը։

Նա հայտնել է, որ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 135-ը ծանր վիճակում են, ծայրահեղ ծանր է 63 պացիենտ, թոքերի արհեստական օդափոխության սաքրերի միացված է 15 վարակված։

«Դեպքերի թվի աճին զուգընթաց՝ աճում են նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը, ինչպես նաև թոքերի օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվը։ Սա այն հանգամանքն է, որից մենք միշտ փորձել ենք խուսափել կամ հեռվացնել այդ օրը, քանի որ ինքնին դրական թվերն այդքան վտանգավոր չեն, եթե չունենայինք ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ։ Պետք է ամեն ինչ անել, որ այնպես չստացվի, որ ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդները զրկված լինեն վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստանալուց»,- ասել է Թորոսյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն դեռ ճնշմանը կարողանում է դիմադրել, բայց ջանքեր են պետք, որ այդ ճնշումը չավելանա։

Նախարարը հորդորել է դիմակներ կրել և հետևել պարետատան ցուցումներին։