Արմավիրի մարզով անցնող Սևջուր գետը, որը հոսում է Արաքս գյուղով, մայիսի 11-ին հունից դուրս է եկել ու վնասել է համայնքի ջերմոցներից մի քանիսը:

Մարտի 21-ին բնակիչների մեծ մասը ջերմոցներում բանջարեղեն էր մշակում։ Գյուղում գրեթե բոլորն ունեն ջերմոցներ. գյուղացիների ապրուստի հիմնական միջոցն է։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

Համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը ասել է, որ գետը բարձրացել ու մոտ 5 հա ափամերձ տարածք է ծածկել։ Ասել է, որ դիմել է մարզպետարան, մարզպետարանից եկել ու տեսել են, բայց դեռ չեն հաշվարկել գյուղացիների կրած վնասի չափը:

Գյուղացիներից մեկը պատմել է, որ 450 մետր ջերմոցային տարածքում մշակված վարունգը փչացել է:

«Մենք հուսով էինք, որ կմշակենք, բերք կստանանք, ջուրը, որ հունից դուրս եկավ, լցվեց ջերմոցները, վարունգի բույսերը ամբողջությամբ փչացավ։ Բիբարի ջերմոց էլ ունենք, դրան, բարեբախտաբար, բան չի պատահել, բիբարը ավելի դիմացկուն ա, քան վարունգը»,- ասել է նա։

Ասել է, որ սերմի ամեն հատիկը գնել է 60 դրամով, իսկ 450 մետր տարածքում կա մոտավոր 1700 սերմ, բացի այդ օգտագործել է պարարտանյութ, ոռոգել է, որի համար ևս բավականին մեծ գումար է ծախսել։ Երեք օրը մեկ սովորաբար բերքահավաք են անում, ամեն անգամ 450-500 կգ վարունգ էին քաղում, որը իրացրել է կիլոգրամը 200-250 դրամով։ Մոտավոր հաշվարկել է կորուստի չափը և նշել, որ կորուստը շատ մեծ է։

Համայնքի ղեկավարը, տեղեկանալով, որ գյուղում ջերմոցներ են վնասվել, այցելել է ջերմոցի տերերին, հետո դիմել մարզպետարան։

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հավաստիացրել է, որ կազմվել է արձանագրություն, որը ներկայացվելու է Էկոնոմիկայի նախարարություն։

Մարզպետի խոսքով՝ կազմվում է հանձնաժողով, որը վնաս կրած գյուղատնտեսի հետ քննարկում է, որոշում են մոտավոր վնասի չափը, իսկ երբ ավարտվում է գյուղատնտեսական տարին, տվյալները ներկայացվում են Կառավարություն։