Սաֆարովի գործով Ադրբեջանը 2 կոնվենցիա է խախտել, Հունգարիան խախտում չունի․ ՄԻԵԴ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործի վճիռը, որը վերաբերում է 2004թ-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի գործին, Ադրբեջանի ու Հունգարիայի իշխանությունների գործողություններին՝ մարդասպանի ազատ արձակման հետ կապված։
Համաձայն ՄԻԵԴ-ի վճռի՝ Ադրբեջանը խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) և 14-րդը (Խտրականության արգելքը)։ Ինչպես նշվում է որոշման մեջ «Ադրբեջանն անխոհեմորեն չի կարողացել ապահովել բանտարկության ռեժիմ իր սպայի համար, որը հանցագործություն է կատարել էթնիկ ատելության հիմքով», նրան ներում է շնորհվել, ապահովվել է աջակցություն։ Ադրբեջանը չի կարողացել ժխտել խտրականության մասին հայտարարությունները։
Ըստ ՄԻԵԴ-ի որոշման՝ Ադրբեջանը հայցվորներին պետք է վճարի 15,143 ֆունտ ստերլինգ՝ որպես կատարած ծախսերի փոխհատուցում։
Դատարանը չի արձանագրել որևէ խախտում՝ կապված Հունգարիայի հետ։ ՄԻԵԴ-ի որոշման համաձայն՝ չկա որևէ ապացույց, որ Հունգարիայի իշխանությունը կարող էր կամ պետք է իմանար, որ դատապարտյալն ազատ կարձակվի Ադրբեջանում։
Հայցվոր կողմերը 2 երկրի կառավարությունից չեն պահանջել և ոչ մի ֆինանսական փոխհատուցում։ Մակուչյանը (Մարգարյանի հետ նույն ծրագրով Հունգարիայում գտնվող սպան, ում ևս Սաֆարովը ցանկացել է սպանել - խմբ․) նշել է, որ իրենք արդարություն են փնտրում, այլ ոչ փոխհատուցում և ցանկանում են վերջ տալ հայերի հանդեպ ատելությանն ու անպատժելիությանը։