Վարչապետ․ Հազարավոր քաղաքացիներ կորոնավիրուսով են վարակված, բայց չգիտեն այդ մասին
ՀՀ-ում կան կորոնավիրուսով վարակված հազարավոր քաղաքացիներ, որոնք չգիտեն, որ վարակակիրն են, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ աշխարհի ոչ մի երկրում չի արձանագրվում հիվանդների, վարակակիրների 100% հայտնաբերման դեպքեր։
«Այսօր, եթե երկրում 7000 ախտորոշված դեպք կա, դա նշանակում է, որ 14,000 վարակակիր կա։ Վարակվածների 90% չգիտի, որ վարակված է», - ասել է Փաշինյանը՝ նշելով, որ այս պատճառով են դիմակ կրելը համարում պարտադիր։
Վարչապետը հայտնել է, որ, եթե դիմակների պարտադիր լինելու մասին ուղերձը չընդունվի, Կառավարությունն այն դե յուրե ամենուր պարտադիր կդարձնի։
«Ասում են՝ այն ժամանակ ասում էիք՝ հիվանդներին է պետք դիմակ դնել։ Այո, երբ երկրում կա հարյուր հիվանդ, այդպես է, բայց, երբ ակնհայտ է, որ երկրում հազարավոր մարդիկ վարակված են կորոնավիրուսով և նույնիսկ հիվանդները իրենք չգիտեն, որ իրենք վարակակիր են, հենց այդ նպատակով է դիմակը համարվում հիմնական գործիք», - ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ում ասիմպտոմ դեպքերի 90%-ը բացահայտվում է, երբ ծանր ախտանիշներով որևէ հիվանդ ընդունվում է բուժհաստատություն և սկսում են բացահայտել նրա շփան շրջանակը։ Այդ ընթացքում թեստավորվում են մարդիկ, ովքեր չունեն սիմպտոմ, սակայն պարզվում է, որ վարակակիր են։