Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին խոսել է առողջապական համակարգի գերբեռնվածության մասին՝ ասելով, որ մասնագետներից շատերը խոսում են համակարգի փլուզման հնարավորության մասին: Պատգամավորը հետաքրքրվել է, թե արդյո՞ք նման վտանգ սպառնու՞մ է, թե՞ ոչ: Բաբաջանյանը նաև հարցրել է, թե պարետատան սահմանած կանոնների խստացման արդյունքները ե՞րբ տեսանելի կլինեն:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է, որ վարքագծի նոր կանոնների ազդեցության գանհատականը, ըստ իրեն, պետք է պարբերաբար տրվի, դա է պատճառը, որ պարետատունը ամենօրյա ռեժիմով նիստեր է անում:

«Հաշվի առնելով այս հիվանդության բնույթը՝ մասնագետները կարծում են, որ որևէ միջոցառման արդյունքները գնահատվում են 7-14 օրվա ընթացքում: Մենք կտեսնենք արդյունքները նման փուլերով», - ասել է Թորոսյանը:

Խոսելով համավարակով պայմանավորված առողջապահական համակարգի գերբեռնվածության մասին՝ նախարարն ասել է, այդ բեռը հիմնականում ընկած է այն ԲԿ-ների վրա, որոնք սպասարկում են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց:

«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ թույլ չտանք այդ կոլապսը, դրա համար տեղի է ունենում հզորությունների շարունակական զարգացում՝ համադրելով արդյունքների հետ, որի մասին խոսում էի», - ասել է նա:

Թորոսյանը հիշեցրել է, որ մի անգամ խոսել է մինչ հունիսի վերջ 500 հազար վարակակիր ունենալու հնարավորության մասին, և այդ սցենարի դեպքում անհրաժեշտ կլինի 300 միլիոն դոլար:

«Բարեբախտաբար այդքան դեպք չենք ունենա մինչև հունիսի վերջ», - ասել է նա:

Նախարարը նաւ նշել է, որ առողջապահական համակարգի ծախսերն օրական մեկուկեսից երկու միլիարդ դրամ է կազմում՝ ընդգրկելով հիվանդանոցային պահպանման ծախսերը, աշխատավարձը, դեղորայքը, սարքավորումները, նոր հիվանդանոցների շինարարությունը: