2020-2021 ուսումնական տարվա բուհական ընդունելության քննությունները առցանց չեն լինելու, լինելու են քննական կենտրոններում: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցադրմանը:

«Նախորդ շաբաթ կառավարությունն ընդունել է 2020-2021 թվականների բուհական ընդունելության կարգը, մենք, ամբողջ համակարգը պայմանավորված համավարակով, փոփոխել ենք, փորձել ենք էնպես անել, որ որակը չտուժի: Քննությունները լինելու են քննական կենտրոններում: Մենք ավելացրել ենք քննական կենտրոնները, որպեսզի պարետատան սահմանած պահանջների տրամաբանության մեջ մնանք:

Այժմ Գնահատման և թեստավորման կենտրոնը դիմակներ, ախտահանող նյութեր է գնում, նաև համապատասխան սարքեր՝ ապահովելու քննական ընթացքի թափանցիկությունը, որպեսզի դահլիճները նկարահանվեն:

Պետք է խնդրեմ, որ ծնողները մաքսիմալ զերծ մնան այցելել քննական կենտրոններ, որպեսզի կուտակումներ չլինեն: Մենք կարգ ենք սահմանելու, որ հերթ կանգնեն և որքան քիչ մարդ ուղեկցի մեր դիմորդներին, այնքան մեծ է հավանականությունը, որ անվտանգ կանցնեն քննությունները», - ասել է նա:

Նախարարի խոսքով` քննական շրջանը լինելու է հուլիսի 1-8, որպեսզի զորահավաքային աշխատանքները չխոչընդոտվեն:

Դիմորդների գրանցումն ամբողջությամբ լինելու է առցանց, dimord.am կայք այցելելով՝ վերջիններս կարող են ծանոթանալ իրենց հետաքրքրող ինֆորմացիային:

«Մյուս առանձնահատկությունն այն է, որ ընդունելությունը լինելու է մեկ քննությամբ՝ պարտադիր առարկաների դեպքում: Նախարարությունը, համագործակցելով բուհերի հետ, ընտրել է դրանից մեկը` ըստ տվյալ մասնագիտության: Կամընտրական առարկաների դեպքում թողել ենք, որ դիմորդը ինքն ընտրի իր նախընտրած առարկան, և դրանցից յուրաքանչյուրը դառնում է մրցույթին մասնակցող գնահատական», - ասել է նա: