19-րդ միջոցառմամբ կառավարությունը կաջակցի զրոյից բիզնես սկսողներին
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը հաստատվեց Կառավարության մայիսի 27-ի նիստում։ Օժանդակության նպատակն է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել զրոյից բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը, և շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը:
Շահառու են հանդիսանում Հայաստանի տարածքում գրանցված այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ` մանրածախ և մեծածախ ոլորտում գործունեությունը), որոնք`
- համապատասխանում են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին,
- աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվոք հարկային և վարկային պատմություն,
- գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում,
- չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի շահառու, եթե դիմել են սույն միջոցառման սկսնակների համար աջակցությանը.
- մինչև աջակցության հայտ ներկայացնելու օրը առնվազն 24 ամիսների ընթացքում հանդիսացել են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով իրականացվող պետական ֆինանսական աջակցության շահառու, եթե դիմել են միջոցառման նորարարական զարգացման աջակցությանը:
Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների 75 %-ը հատկացվում է որպես 8 տարվա մարման ժամկետով անտոկոս փոխառություն, իսկ 25 %-ը՝ որպես դրամաշնորհ։
Միջոցառումն իրականացվում է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով` արտոնյալ վարկավորման նպատակով երաշխիքների տրամադրման եղանակով: Վարկավորումն իրականացվում է ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերի և վարկային հաստատությունների կողմից:
Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
- արժույթը` ՀՀ դրամ,
- ժամկետը` առավելագույնը 60 ամիս,
- վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար.
- մեկ շահառուի վարկի առավելագույն սահմանաչափը կազմում է 10 մլն դրամ` սկսնակների համար և 20 մլն դրամ (հանրագումարով)` նորարարական զարգացման շահառուների համար.
- վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը` 7 %-ից 10 %:
«Ծրագրի շահառու հիմնականում կլինեն այն կազմակերպությունները, որոնք ներգրավված են կամ ծրագրեր են իրականացնում ծառայությունների մատուցման տարբեր բնագավառներում կամ մշակող արդյունաբերության մեջ։ Աջակցությունն առավելապես ուղղված կլինի Երևանից դուրս իրականացվող գործունեությանը»,- նշել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։