«Վեոլիա Ջուրը» Մերձավանում կչեղարկի 5 օրվա ջրի ծախսը
Ինչպես արդեն հայտնի է, երեկ երեկոյան Արմավիրի մարզի Մերձավան գյուղում տեղի է ունեցել արտակարգ պատահար. ոչ հեռու գտնվող խոզաբուծական համալիրի կողմից վնասվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ջրագիծը, ինչի պատճառով գյուղի ջրամատակարարման համակարգ էին ներթափանցել կեղտաջրեր:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հաղորդմամբ՝ ձեռնարկված միջոցների շնորհիվ գյուղի մեծ մասն արդեն ապահովվել է ջրով՝ այլընտրանքային խողովակաշարի միջոցով: Մյուս մասի ջրամատակարարման կարգավորման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Իսկ մինչ այդ, ընկերությունը բնակիչներին խմելու ջուր կմատակարարի ավտոցիստեռնով՝ շրջիկ եղանակով: «Վեոլիա Ջուր»-ը կոչ է անում մատակարարվող ջուրն առայժմ օգտագործել բացառապես տեխնիկական նպատակներով, մինչև կլինեն լաբորատոր հետազոտությունների վերջնական արդյունքները։
«Վեոլիա Ջուր»-ը արտակարգ պատահարի մասին տեղեկացրել է նաև Առողջապահության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը և այլ շահագրգիռ կառույցների։
Միաժամանակ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն որոշում է ընդունել չեղարկել նրանց 5 օրվա ջրի միջին ծախսը:
Հիշեցնենք, որ «Վեոլիա Ջուր»-ը ձեռնարկում է օրենսդրությամբ նախատեսված քայլեր մեղավոր կողմին իրավական պատասխանատվության ենթարկելու համար։