ԱԺ-ում քննարկվում է մեկուսացած և ինքնամեկուսացած անձանց անաշխատունակության նպաստի տրամադրման նախագիծը
Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքներում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությունը: Պատգամավորն առաջարկում է մեկուսացման նպաստ սահմանել մեկուսացած և ինքնամեկուսացած անձանց համար:
Նախագծի հիմնական զեկուցող Նարեկ Զեյնալյանի խոսքով` առաջարկվում է մեկուսացման նպաստ նախատեսել այն անձանց համար, ովքեր վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են:
«Անձինք, ովքեր պարետատան ցուցումով մեկուսացել են, առաջարկվում է նրանց տրամադրել անաշխատունակության նպաստ: Անձինք, ովքեր հեռավար են աշխատել, նպաստից չեն օգտվի, հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել, և գործատուն առնվազն երկու երրորդի չափով աշխատավարձը վճարել է, չեն ստանա նպաստ: Այն անձինք, ովքեր խախտել են մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմանները, չեն օգտվի նպաստից: Նաև սահանվում է նպաստի տրամադրման համար հաշվարկի 14 օր` հաշվի առնելով վիրուսի միջինացված ժամանակահատվածը»,-ասել է Զեյնալյանը:
Վերջինիս խոսքով` վճարումն իրականացվելու է նույն սկզբունքով, ինչ ժամանակավոր անաշխատունակության դեպպում է: Հիմնական զեկուցողի ներկայացմամբ` մինչ այժմ մեկուսացածների թվաքանակը մոտ 5000 է, ինքնամեկուսացածներինը` 18 հազար:
Զեյնալյանի խոսքով` հստակ չէ, թե այդ ցանկում քանիսն են վարձու աշխատող, սակայն մոտ 20 հազար վարձու աշխատողների համար միջինացված հաշվարկը 400 միլիոն դրամ է:
«Կարևոր է, որ մեկուսացած լինելով անձինք ստանան որոշակի եկամուտ` նպաստի ձևով»,- ասել է նա:
Նախագծի հարակից զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը հիշեցրել է, որ օրենքի համաձայն` ժամանակավոր անաշխատունակության դեպքում քաղաքացին առաջին օրը չի վարձատրվում, հաջորդ հինգ օրերը վճարում է գործատուն, մյուս օրերը` պետությունը:
«Մեր կարծիքով այս նախագծով խնդիրներ կառաջացնենք գործատուների համար, որոշակի ծախս նախատեսվում է, որ կդնենք գործատուների վրա»,- ասել է փոխնախարարը` հավելելով, որ Կառավարության հակաճգնաժամային ծրագրերը բավականին թիրախային են եղել:
Փոխնախարարի խոսքով` Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ ներկայացվող փոփոխություններից: