Ադոլֆ Հիտլերի ծննդավայր-տունը կվերածվի ոստիկանական բաժանմունքի
2020թ-ի նոյեմբերին ավստրիական Բրաունաու-ամ-Ին քաղաքում գտնվող տունը, որտեղ ծնվել է Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը, կվերածվի ոստիկանական բաժանմունքի: Այդպիսով՝ քաղաքային իշխանությունները հույս ունեն նեոնացիստների ոտքը կտրել այդ վայրից, հայտնում է BBC-ն:
Շենքի ամբողջական վերանորոգումը և ձևափոխումը նախատեսվում է ավարտել 2023թ-ին, Ավստրիայի պետբյուջեից այդ նպատակով կհատկացվի 5 մլն եվրո:
Այստեղ Հիտլերն ապրել է ծնվելուց հետո ընդամենը մի քանի շաբաթ և այն չի համարել իր տունը: Սակայն ամեն տարի նրա ծննդյան առթիվ տարբեր երկրներից երկրպագուներն այս տան մոտ մեծարման միջոցառումներ են կազմակերպում: 2017թ-ին տան մոտից ձերբակալվել է Հարալդ Հիտլեր կեղծանունով ներկայացող, դիկտատորին նմանակող բեղեր կրող 25-ամյա մի երիտասարդ:
Տունը 1952թ-ից պատկանել է ընտանիքի, որն այն հիմնականում վարձով է տվել գրադարանների և դպրոցների: 2011թ-ից այն դատարկ է:
Ավստրիայի կառավարությունը 2016թ-ին որոշել է պետականացնել տարածքը՝ դրա օգտագործումը նացիոնալիստակական պրոպագանդայի նպատակով բացառելու համար: Սակայն տան սեփականատերը հրաժարվել է վաճառել շինությունը, և կառավարությունը պարտադրաբար վաճառքի որոշում է կայացրել, որի օրինականությունը հաստատել է երկրի Սահմանադրական դատարանը: Սեփականատիրոջը վճարվել են 812 հազար եվրո: