ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը շուրջ 75 %-ով կրճատել է քաղաքացիների՝ տարածքային մարմիններ դիմելու անհրաժեշտության դեպքերը: Դիմումների ընդունումը, հիմնականում, կազմակերպվում է առցանց:

Ըստ այդմ՝ սկսած 2020թ-ի մարտի 1-ից, անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա կրկնակի անգամ բժշկասոցիալական փորձաքննություններն (վերափորձաքննություններ) իրականացվում են հատուկ ընթացակարգով՝ պարզեցված եղանակով, առանց անձի զննության:

Բացառություն են կազմում հեռակա փորձաքննությունները, հաշմանդամության պատճառական կապը փոխելու, մահվան պատճառական կապը, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու, վերականգնողական անհատական ծրագիր մշակելու (լրացնելու) և փոփոխություններ կատարելու, առողջական վիճակը վատթարանալու, «հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու, 17 տարեկանից հետո հաշմանդամությունը «մինչև 18 տարին լրանալը» ժամկետով և օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուց հետո անժամկետ սահմանելու դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունների: