Ռուսաստանի հանքարդյունաբերական հսկա Նորիլսկ-Նիկելը թույլ է տվել Արկտիկական ջրային համակարգի համար աննախադեպ թունավոր արտահոսք, կորպորացիային պատկանող ՋԷԿ-ի հազարավոր տոննաներով նավթային ամբարը փլվել է ու լցվել գետային համակարգ։Այս մասին գրում է Հայկական բնապահպանական ճակատը։

Այս տարի Սիբիրում հավերժական սառցույթի շերտի աննախադեպ հալոցք է, մինչդեռ բնապահպաններն ու գիտնականները տարիներ շարունակ աղաղակում են, որ կլիմայի փոփոխությունն ու հալոցքը ահռելի տեմպերի են հասել, ինչը նշանակում է արտադրական տեմպերի նվազեցում։ Վթարի պատճառներից մեկը հալոցքի պատճառով ամբարի հողաշերտի շարժումն է նշվում, մի բան, որից կորպորացիան վաղուց տեղյակ էր։

«Հիմա տեսեք, որ նույնիսկ աշխարհի ամենահարուստ ու ամենակեղտոտ կորպորացիաներից մեկի ստեղծած վթարային վիճակը նորից ընկած է պետության ուսերին, առանց պետական մոբիլիզացման, վթարի հետևանքների մեղմացման նույնիսկ նվազագույն միջոցառումները հնարավոր չէ իրագործել։

Ինչո՞ւ են ոմանք անվերջ պաշտպանում կորպորացիաներին, ի՞նչ շահ ունեն․․․թե բա՝ բարձր բնապահպանական ստանդարտներ», - մեկնաբանում է ՀԲՃ-ն։