Ոստիկանապետ Արման Սարգսյանն այն համոզման է, որ ոստիկանությունն իր ուժերի ներածին չափով արել է ամեն ինչ, որ պարետատան պահանջները պատշաճ կատարվեն:

Այս մասին խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում ասել է Արման Սարգսյանը` անդրադառնալով հակահամաճարակային կանոնների պահպանման հարցում ոստիկանության գործողություններին:

Ոստիկանապետի խոսքով` ոստիկանության անցակետեր գնալիս շատ է նկատել դեպքեր, երբ քաղաքացիները, խցանումներ տեսնելով, իջեցված դիմակը բարձրացրել են, ապա անցնելով անցակետը կրկին իջեցրել:

«Մենք չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն բակում ոստիկան կարգել, սա ուղղակի անտրամաբանական է: Մենք վարչական մեթոդներ կիրառել ենք, շուրջ 20 հազար և ավելի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն ունենք: Վարքագծի կանոն պետք է ձևավորվի` սկսած ինձնից, վերջացրած մեր սիրելի քաղաքացիներով»,- ասել է նա:

Դիտարկմանը, որ շատ քաղաքացիներ դժգոհում են, որ դիմակով շնչելը դժվար է, ոստիկանապետն ասել է.

«Ինձ թվում է` ավելի լավ է դժվար շնչել, քան Աստված մի արասցե մի բան լինի ու չշնչել»:

Սարգսյանը նաև հավելել է, որ եթե քաղաքացիների մոտ կան այնպիսի լուսանկարներ, որ ոստիկանները դիմակներն իջեցրել են, ապա իր մոտ էլ կադրեր կան, թե ինչպես են ոստիկանները հատուկ համազգեստով քաղաքացիների տեղափոխում, քանի որ բժշկական անձնակազմը չի բավարարում: Սարգսյանն ասել է, որ չի փորձում արդարացնել ոստիկաններին, սակայն շատ են լինում դեպքեր, երբ ոստիկաններն ամբողջ օրը դրսում հերթապահություն են իրականացնում, և հանկարծ մի քանի րոպե դիմակն իջեցնում են, ու հենց այդ պահն էլ ֆիքսվում է քաղաքացիների կողմից, քանի որ համազգեստն ուշադրություն է գրավում:

«Ոստիկանության նպատակը ուժ կիրառելը չէ, կյանքեր փրկելն է: Ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով ֆիզիկական ուժ կիրառել է և կիրառելու է»,- ասել է Սարգսյանը:

Ոստիկանության համակարգում ևս կան վարակակիրներ, նրանց թիվը 100 է, նաև վարակակիրների հետ շփված անձանց մեկուսացման դեպքեր կան: