ԱԱԾ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից 2017թ-ի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին կաշառք տալու դեպքեր է բացահայտել:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ թեկնածուների, ինչպես նաև կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու գործում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ անդամները:

Իրավապահները պարզել են, որ ընտրությունների նախընտրական փուլում ԲՀԿ ղեկավար անդամների կազմակերպմամբ, կուսակցության անդամների ակտիվ ներգրավմամբ և հստակ մշակված դերերի բաշխմամբ թեկնածուների, ինչպես նաև կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրողներին տրվել է հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք:

«Նախաքննության ընթացքում կատարվել են մոտ չորս տասնյակի հասնող խուզարկություններ, որի ընթացքում առգրավվել են համակարգչի միջոցով կամ ձեռագիր եղանակով կատարված մանրակրկիտ գրառումներ պարունակող փաստաթղթեր, որոնք վերաբերում են ընտրությունների ժամանակ կատարված դրամական միջոցների շարժին՝ ընտրողին, ակտիվիստներին տված գումարի չափին, բարեգործության անվան տակ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման, բաժանած գումարների դիմաց ստացած ձայների վերլուծության, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ փաստական տվյալներ, ինչը հիմք է տալիս ողջամիտ պնդումներ կատարելու առ այն, որ դրանք առավելապես հետապնդել են կուսակցության ղեկավար կազմին հաշվետու լինելու նպատակ»,- նշել են ԱԱԾ-ում:

Հաղորդագրության համաձայն նաև, ըստ հարցաշարի՝ նախապես մշակվել է հավաքների ժամանակ իբր պատահականության սկզբունքով օգնություն խնդրող անձանց կոնկրետ շրջանակը:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ ընտրակաշառք տալու, ստանալու գործընթացին ներգրավված անձանց հստակ շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու և արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: