Ազգային անվտանգության ծառայությունը հանրության աջակցությունն է ակնկալում 2017թ-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, ստանալու դեպքի առթիվ քննվող քրգործի առնչությամբ և հորդորում է ՀՀ քաղաքացիներին որևէ տեղեկությունների տիրապետելու դեպքում անմիջապես իրազեկել վարույթն իրականացնող մարմնին:

Անդրադառնալով ՔՕ 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մերժելուն՝ ԱԱԾ-ից նշել են, որ դատարանին ներկայացրել է ոչ թե մեկ վերաբերելի փաստ կամ տեղեկատվություն, այլ՝ այդպիսի փաստերի կամ տեղեկատվության համակցություն։ Նշվում է, որ դա հնարավորություն էր տվել դատարանին հիմնավորված համարելու, որ մեղադրյալն առնչվում է կատարված դեպքին, քրգործի մեղադրանքին, փաստական հանգամանքներին, մեղսագրվող հանցագործությանը:

Միևնույն ժամանակ դատարանը գտել է, որ քրեական գործով վարույթի ընթացքում Գագիկ Ծառուկյանի ոչ պատշաճ վարքագիծը կանխել հնարավոր է ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցի կիրառմամբ:

Քրգործի հարուցման սկզբնական փուլում կատարվել է 80-ից ավելի խուզարկություն, որոնց ընթացքում ԲՀԿ անդամների կամ ակտիվիստների բնակարաններում հայտնաբերվել և առգրավվել են նաև 2017-ի ապրիլի 2-ին ԱԺ ընտրությունների ընթացքում «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառքի առարկա գումարները հասցեական կարգով տալու հանգամանքն ուղղակիորեն հաստատող այլ փաստեր, որոնցում արդեն առկա են եղել ընտրողների անհատական տվյալներ,ընտանիքի անդամների թիվը, յուրաքանչյուր անձին տրված համապատասխան 10.000 դրամ գումարի վերաբերյալ նշումներ և կաշառք ստանալու հանգամանքը հավաստող ստորագրություններ:

Նախաքննական մարմինը նաև այնպիսի նյութեր ունի, որոնց ուսումնասիրությամբ տեսանելի է, որ կուսակցության ղեկավար կազմի կողմից ըստ ծառայության վայրերի, ծառայության ժամկետների վեր են հանվել նաև կոնկրետ զինծառայողների անհատական տվյալները, նախապես կազմվել են կաշառք ստանալու պատրաստակամություն հայտնած անձանց ցուցակներ, դրանք համադրվել և ստուգվել են, առևտրային բանկերից ընտրություններից առաջ ստացել են 10.000 դրամներից բաղկացած հարյուրավոր միլիոն դրամներ և նույնաբնույթ բազմաթիվ այլ փաստական տվյալներ: