2020թ-ի միայն առաջին կիսամյակում քննչական կոմիտեում գրեթե այնքան հանցագործություններ են քննվել կիբերանվտանգության գործերով, որքան 2019թ-ին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանը:

Բանախոսի խոսքով, 2019թ-ին հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթ է ընդունվել 118 գործ, որոնցից 64-ը վերաբերել է համակարգչային տեխնոլոգիաներով կատարված հանցագործություններին։ Այս մասին գրում է «Պանորամա»-ն։

2020թ-ին միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության վարույթ ընդունվել է 94 գործ: Սասուն Գրիգորյանը նշել է, որ մինչև 2019թ-ը կիբերհանցագործությունները տատանվել են տարեկան 100-ի սահմաններում:

Նման հանցագործությունների աճն է պատճառը, որ 2019թ-ին ՀՔԿ-ում ստեղծվեց հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վաչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունը:

Կիբերհանցագործությունների թվի աճը քննիչը բացատրել է քաղաքացիների կողմից իրավապահներին ավելի հաճախ դիմելու փաստով: Նկատելով որ աշխարհում կիբերհանցագործությունների դեպքերի բացահայտումը տատանվում է 1 տոկոսի սահմաններում՝ Սասուն Գրիգորյանը բացատրել է, որ այն պայմանավորված է տուժողների կողմից իրավապահներին չդիմելու հանգամանքով: Շեշտելով, որ Հայաստանի շատ քաղաքացիներ նույնպես տուժում են կիբերհանցագործություններից, բայց չեն բարձրաձայնում դրա մասին, քննիչը հորդորել է նման դեպքերում դիմել իրավապահներին և չփորձել ինքնուրույն լուծել խնդիրը, քանի որ դրանց բացահայտման մեխանիզմներն այլ են:

Բանախոսը նշել է, որ շատ են տարածված դեպքերը, երբ քաղաքացիներին մոլորության մեջ գցելով նրանցից ստանում են անձնագրային և բանկային քարտերի տվյալները կամ խոստացված ծառայությունների դիմաց էլեկտրոնային եղանակով ստացված գումարը հափշտակում են: