Հայ-ադրբեջանական սահմանային բախումների մասին հաղորդագրությամբ ապատեղեկատվություն ստացած բոլոր բաժանորդներն արդեն ստացել են հերքումներ, հայտնում է բջջային կապի օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը։

Ըստ օպերատորի՝ հակառակորդին հաջողվել է կարճ հաղորդագրությունների միջոցով ապատեղեկատվություն տարածել առանձին բաժանորդների շրջանում՝ հուլիսի 17-ի առավոտյան ներթափանցելով կապի շարժական օպերատորների հետ գործակցող փոքր VAS (ավելացված արժեքով ծառայություններ մատուցող) օպերատորներից մեկի համակարգը։

Վիվա-ՄՏՍ-ը, հղում անելով ՀՀ պաշտպանության նախարարությունը, նշում է, որ դա հակառակորդի հերթական ապատեղեկատվությունն է:

«Մենք մշտական կապի մեջ ենք VAS օպերատորի հետ, որի մասնագետներն աշխատում են իրենց համակարգի անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ: Ըստ VAS օպերատորի, ապատեղեկատվություն ստացած բոլոր բաժանորդներն արդեն ստացել են իրենց կողմից ուղարկված հերքումը»,-հայտնում են Վիվա-ՄՏՍ-ից։

Ավելի վաղ ՀՀ-ում մի շարք քաղաքացիների հայ-ադրբեջանական սահմանային դրության վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ էին ուղարկվել։ ՀՀ ՊՆ-ն հորդորում է սահմանային իրավիճակի մասին տեղեկանալ միայն պաշտոնական աղբյուրներից։

Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։ Հուլիսի 17-ի գիշերը հարաբերականորեն անդորր է եղել սահմանին։