Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի սպառնալիքը պետք է դառնա միջազգային լրջագույն քննության առարկա, որովհետև ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն Ադրբեջանի ժողովրդին և նրա քաղաքացիական ենթակառուցվածքներին սպառնալիք չի հնչեցրել անգամ այդ պայմաններում։

Վարչապետը նշել է, որ այն դիրքերը, որոնք դարձել են վերջին երկու շաբաթվա իրադարձությունների կիզակետ, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում և ՀՀ-ին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները՝ իր դեմ ագրեսիայի վերաբերյալ, պարզապես անհեթեթ են:

«Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ գործընթացում և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ»,- ասել է Փաշինյանը։

Նա մի քանի կետ է նշել, որտեղ ամփոփվում է հայկական կողմի դիրքորոշումը։ Ըստ նրա՝ Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել՝ Արցախի պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ:

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ:

Փաշինյանը նշել է, որ բանակցությունները պետք է լինեն իմաստալից, իսկ դրանք իմաստ ունեն, եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնել իր մաքսիմալիստական մոտեցումից և պատրաստ է փոխզիջման:

Վարչապետի խոսքով՝ Արբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ դրա օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է։

Փաշինյանը նաև վերահաստատել է արդյունավետ միջազգային մոնիթորինգի հնարավորություն ներդնելու իր դիրքորոշումը՝ նշելով նաև, որ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: