Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետևանքով Տավուշի մարզին մոտ 150 մլն դրամի վնաս է հասցվել, ՀՀ պետբյուջեում վերաբաշխում կլինի և հրատապության կարգով մարզպետարանին 25 մլն դրամ կտրամադրվի՝ վնասի մի մասը վերականգնելու համար, Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարի խոսքով՝ առաջարկվում է գումարի մի մասը շուտ հասցնել վերականգնման աշխատանքների համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Կառավարությունն այս փուլում աշխատանքները սկսելու համար է գումար հատկացնում՝ հետագա լայնածավալ աշխատանքներին ընդառաջ։

Ըստ վարչապետի՝ սահամանմերձ գյուղերի նկատմամաբ վարվող քաղաքականության հայեցակարգային փոփոխություն է պետք։

«Կարող է տպավորություն ստեղծվել, թե այդ գյուղերը միևնույն է գտնվում են գնդակոծման ուղիղ նշանառության տակ, և այնտեղ տեղի ունեցող վերականգնման աշխատանքներն արվում էին այս տրամաբանությամբ։ Մենք պետք է այս տրամաբանությունը փոխենք, սահամանպահ գյուղերը պետք է ոչ միայն վերականգնվեն, այլ մենք դրանց վերականգնման կոնկրետ ռազմավարություն պետք է ունենանք։ Պետք է արձանագրենք, որ սահմանապահ գյուղերում ոչ թե ՀՀ-ն ավարտվում է, այլ` սկսվում»,- ասել է վարչապետը՝ նշելով սրա վերաբերյալ արդեն քննարկումներ եղել են։

Փաշինյանի խոսքով՝ այդ գյուղերում քաղաքաշինական լուրջ աշխատանք պետք է կատարվի։

Քաղաքաշինության պետական կոմիտեի փոխնախագահ Արմեն Ղուլարյանն էլ նշել է, որ մարզպետարանից խմբեր են աշխատում, ճշգրտումներ են անում, 7 տան վերականգնման, ևս 10-ի մաքրման աշխատանքներն արդեն սկսվել են։ Նրա խոսքով՝ նախատեսվում է ազգային-ճարտարապետական ոճով թաղամասերի նախագծում, որը կտրամադրվի կարիքավորների խմբի։ Վարչապետը փաստել է, որ ավերված տները պետբյուջեի միջոցով պետք է վերականգնվեն` ձևավորելով նոր միջավայր։